Հասարակություն 

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Փարիզի քաղաքապետին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ ուրախ է Երևանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի բարեկամ Անն Իդալգոյին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին։ «Մեծ հաճույք է ողջունել Երևանում Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմը խորհրդանշում է այն համերաշխությունը, որն առկա է ֆրասիական քաղաքական ուժերի միջև հայ-ֆրանսիական բարեկամության հանդեպ», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետն ընդգծել է, որ հաճելի է գտնվել Հայաստանում՝ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունների առիթով և այդ առիթն օգտագործել նաև երկու քույր քաղաքների միջև կապերի ու համագործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ընդլայնմանը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։

«Ձեր անկեղծ նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը դրսևորվել է մշտապես ձեր գործունեության ողջ ճանապարհին, և հաճելի է, որ այդ ճանապարհի մի մասը մենք անցել ենք միասին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում, որ անցյալ տարի ապրիլի 24-ի երեկոյան Դուք անձամբ մարեցիք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի», - շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։

Ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության ամրապնդման գործում նրա ունեցած կարևոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Անն Իդալգոյին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալը:

Նույն շարքից