Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Բեռնում մարտի 11-ին տեղի ունեցավ «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայոց ցեղասպանության ժխտման հետեւանքները» խորագրով քննարկում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականների հետ:
Քննարկմանը մասնակցում էին Շվեյցարիայի խորհրդարանի զույգ պալատների` Պետությունների խորհրդի եւ Ազգային խորհրդի հայ-շվեյցարական բարեկամական խմբի համանախագահներ Ուելի Լյուենբերգերը, Դոմինիկ դը Բումանը, Հանս Ալթհերը, խորհրդարանական բոլոր չորս քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական եւ իրավական իրողությունների, Թուրքիայի ժխտողական քաղաքականության եւ դրա հետեւանքների վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ պատմաբան, Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի դասախոս Ռեյմոն Գեւորգյանը:
Քննարկման ընթացքում շվեյցարացի խորհրդարանականները հանդես եկան մի շարք հարցադրումներով, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական եւ իրաքյան ճգնաժամերի համատեքստում Թուրքիայի դերի, մարդկության դեմ ուղղված ոճիրների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի, Ժնեւում «Հիշողության լապտերներ» հուշակոթողի տեղադրման վերաբերյալ:
Քննարկման ավարտին մասնակիցներին ներկայացվեց Ռեյմոն Գեւորգյանի եւ Իվ Տերնոնի համահեղինակած «Հայերի ցեղասպանության հուշակոթող» վերնագրով գիրքը: