Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը Կանադայում մի շարք միջոցառումներ կանցկացնի ինչպես մինչեւ ապրիլի 24-ը, այնպես էլ դրանից հետո։ Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեց Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Ռուբեն Կույումջյանը։
Նրա խոսքով՝ հանձնախումբը միջոցառումների ուղղությամբ աշխատում է արդեն երկու տարի։ Դրանց շրջանակում տարբեր քաղաքներում կկայանան գիտաժողովներ, որոնց կմասնակցեն հայտնի փորձագետներ Հենրի Թերիոլթը եւ Ջեֆրի Ռոբերթսոնը։ Կկազմակերպվեն նաեւ մշակութային միջոցառումներ, մասնավորապես, տեղի կունենա Պետրոս Շուջունյանի Հայկական սիմֆոնիայի պրեմիերան։ Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կկազմակերպվի հիշատակի երթ, եւս 3 երթ էլ տեղի կունենա Կանադայի այլ քաղաքներում, որոնց կմասնակցեն տեղական եւ դաշնային իշխանությունների ներկայացուցիչները։
«Կանադայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներն ապրիլի 24-ին ներկա կլինեն Երեւանում կազմակերպվող միջոցառումներին, սակայն անուններ դեռեւս չենք կարող նշել»,- ասաց Կույումջյանը։
Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը վստահ է, որ Թուրքիայի վրա Արեւմուտքի գործադրած ճնշումը կարող է ստիպել այդ երկրին փոխել Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը։ «Միջազգային հարթակներում այս հարցում Թուրքիային մեկուսացնելը կդառնա այն շարժիչ ուժը, որը Թուրքիային կդրդի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երբ մենք հասնենք պաշտոնական ճանաչման, պետք է դիմենք ցեղասպանություն հանցագործության նախազգուշացման եւ պատժի Կոնվենցիային, որպեսզի գործ ունենանք այնպիսի նուրբ հարցերի հետ, ինչպիսիք են փոխհատուցումն ու հաշտեցումը»,- հավելեց նա։