Հասարակություն 

Հայաստանի ինը մարզերում կմեկնարկեն ճանապարհաշինարարական աշխատանքներ

analitik.am

Ճանապարհաշինարարության տարեշրջանը կմեկնարկի ավտոճանապարհների վերականգնման միանգամից չորս ծրագրով: Դրանցից առաջինը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող 118 կմ ընդհանուր երկարություն ունեցող ավտոճանապարհների վերանորոգումն է:

 

«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով՝ հետազոտման և նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, մոտ ժամանակներս կհայտարարվեն համապատասխան մրցույթներ: Այս ծրագրով Հայաստանի 5 մարզերի՝ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի 22 համայնքներ կունենան բարեկարգ և հուսալի ճանապարհներ. «Նախատեսված է իրականացնել կենսական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքներ, որոնք ամբողջովին շահագործման կհանձնվեն 2016 թվականի ավարտին: Ընդհանուր առմամբ՝ կծախսվի 13 մլրդ դրամ, որի 20 տոկոսը համաֆինանսավորվելու է պետական բյուջեից, մնացած գումարը կտրամադրի Համաշխարհային բանկը»,- ասաց Էմիլ Սարգսյանը:

 

Այս տարի կավարտվեն 2014-ին կիսատ մնացած Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները՝ կնքված պայմանագրի գումարի շրջանակներում:

 

ՀՀ կառավարության 2014-ի փետրվարի 6-ի որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով:

 

Անցյալ տարի կառուցվող շրջանցիկ հատվածում հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել էին։ Ճանապարհի ամբողջ երկայնքով ավարտված էին նաև ավազակոպճային հիմքի տեղադրման աշխատանքները։

 

Պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից մեկնարկել էր նաև ճանապարհի ասֆալտապատումը։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին, սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, առատ տեղումները թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում կատարել:

Նույն շարքից