Հասարակություն 

«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

analitik.am

«Ազատամարտիկների դաշինք»-ը նիստ է հրավիրել, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.



«Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները հասցրին մի հանգրվանի, որում քաղաքական կուսակցությունները դադար առնելու և տեղի ունեցածը գնահատելու անհրաժեշտություն ունեն: Ոչ իշխանական դաշտում այս օրերին ընթացող վերադասավորումները նոր իրավիճակում գործելու նախապատրաստություն են ենթադրում:



Միաժամանակ, երկրում առկա խնդիրները, սկսած՝ ժողովրդավարության դեֆիցիտից, վերջացրած՝ սոցիալական ամենատարրական հարցերով մնացել են նույն մակարդակի վրա: Ավելին՝ իշխող ուժը գնալով էլ ավելի է սեղմում օղակը, որի պատճառով երկրի բնակչությունը լքում է իր հայրենիքը:



Այս տարի հայ ժողովուրդը մեծ խնդիր ունի լուծելու: Այն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի փաստը ծառայեցնել ևս մեկ անգամ համայն աշխարհին հայտարարելու համար, որ հայ ժողովուրդը հետևողական է լինելու 20-րդ դարի այդ մեծագույն ողբերգության ճանաչման հարցում: Հայաստանը և Սփյուռքի մեր հայրենակիցները բազմաթիվ միջոցառումներ են ծրագրել ապրիլի 24-ին ընդառաջ և հարկ է, որ այդ ծրագրերը իրականացվեն պատշաճ մակարդակով ու առանց խնդիրների:



Ելնելով նշված պատճառներից «Ազատամարտիկների դաշինքը» հայտարարում է, որ չի փոխվել կազմակերպության մարտավարությունը, չեն փոխվել նաև սկզբունքները: «Ազատամարտիկների դաշինքը» վերահաստատում է, որ իր գերագույն նպատակն է ունենալ հզոր, արտաքին մարտահրավերներին դիմակայելու պատրաստ և ժողովրդավարական Հայաստան:



«Ազատամարտիկների դաշինքը», հավատարիմ լինելով իր որդեգրած նպատակներին, միաժամանակ հայտարարում է, որ մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտը զբաղված է լինելու ներքին կազմակերպչական աշխատանքներով:



Դաշինքը միաժամանակ հետևելու է ներքին քաղաքական զարգացումներին՝ անհրաժեշտ պահին պատրաստ լինելու համար հայտնելու իր դիրքորոշումը և մասնակից լինելու ներքաղաքական գործընթացներին:

Նույն շարքից