Հասարակություն 

Քաղաքացուց անհիմն պահանջում է 1.931.052 ՀՀ դրամ գումար, որպես ավել վճարված կենսաթոշակ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայց էր ներկայացրել  ընդդեմ Էմմա Վարդանյանի` 1.931.052 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Խնդիրը կայանում է նրանում, որ Էմմա Վարդանի Վարդանյանը աշխատել է ՙՊոլիվինիլացետատ՚ գործարանում` 1973թ-1974թթ.-ին, 1977-ից մինչեւ 2000թ-ը: Էմմա  Վարդանյանն ունեցել է թիվ 1-4 արտադրամասը սպասարկող քիմիական անալիզի լաբորանտի 4-րդ կարգի որակավորում: Նրա աշխատանքը  կապված է եղել առանձնապես վնասակար քիմիական նյութերի հետ եւ նա  զբաղված է եղել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով: Համապատասխան տարիքը լրանալուց հետո, գործարանի կադրերի բաժնի աշխատակիցները վերջինիս իրազեկել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունքի մասին: Է. Վարդանյանը 31.07.2010թ-ին օրենքով սահմանված կարգով դիմել է իրավասու մարմնին` Շենգավիթի ՍԱՏԲ-ին, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, որի հիման վրա եւ վերջինիս նշանակվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակ: 01.02.2016թ-ից Ծառայության կողմից դադարեցվել է վերջինիս կենսաթոշակի տրամադրումը:  Ծառայության պնդմամբ իրեն հայտնի  է դարձել, որ Էմմա Վարդանյանը արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել օրենքի խախտմամբ, 26.06.2015թ-ին նախարարի մոտ կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ, երբ Լուսիկ Գրիգորյանը հայտնել է, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու հարցով դիմել է Ծառայության Մալաթիա-Սեբաստիա ՍԱՏԲ-ին`սակայն նրա դիմումը մերժվել է, մինչդեռ իր հետ նույն պայմաններում աշխատած անձինք, այդ թվում Էմմա Վարդանյանը ստանում են նման կենսաթոշակ: ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի 16.07.2015թ-ի թիվ Ա/37 հրամանով <<Հայաստանի Ազգային Արխիվ>> ՊՈԱԿ-ում <<ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման>> մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտմամբ իրականացվել է ստուգում: Ստուգումը չի կատարվել ստուգաթերթի հիման վրա, որը պետք է տեղադրվեր ստուգումն իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքում: Իմ կողմից կատարված հարցմանը ի պատասխան, որով հարցրել եմ ստուգումը կատարվել է արդյոք ստուգաթերթի հիման, վրա, թե ոչ,  ինչպես նաեւ ստուգաթերթը տեղադրվել է արդյոք հայցվորի  պաշտոնական ինտերնետային կայքում, թե ոչ,  ստացել եմ հետեւյալ պատասխանը` <<Էմմա Վարդանի Վարդանյանի կենսաթոշակի գործում առկա  սխալ տեղեկատվության հիման վրա Ծառայությունը ՀՀ <<Ազգային արխի>> ՊՈԱԿ-ում ստուգում է իրականացրել օրնեքով սահմանված կարգով` ստուգաթերթի հիման վրա /ստուգաթերթը կցվում է/: Կցված <<ստուգաթերթ>>-ը  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի Հայաստանի Ազգային Արխիվ ՊՈԱԿ-ում ստուգում իրականացնելու մասին 16.07.2015թ-ի Ա/37 հրամանն է: Օրենքի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ օրենսդիրը հստակ տարանջատում է ստուգաթերթ եւ հրաման կամ հանձնարարագիր հասկացությունները եւ այդ երկու հասկացությունները ոչ մի կերպ նույնացվել չեն կարող: Ստացվում է, որ օրենքի խախտմամբ կատարված ստուգման արդյունքների հիման վրա Ծառայությունը դադարեցրել է քաղաքացու կենսաթոշակի վճարումը: Առավել հետաքրքիրն այն է, որ վերոնշյալ ստուգման արդյունքում 22.07.2015թ-ի կազմված տեղեկանքի համաձայն`<<ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ պետի16.07.2015թ-ի  թիվ Ա137 հրամանով ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի`մոնիթորինգի եւ վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի պետ Նահապետ Դավթյանս, կենսաթոշակային ապահովման եւ նպաստների վարչության կենսաթոշակային ապահովման վարչության պետ Վաչագան Երիցյանս, մասնակցությամբ ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի եւ գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Սուսաննա Ավագյանի ստուգման ենթարկեցինք Լուսիկ Մնացական Գրիգորյանի եւ Էմմա Վարդանի Վարդանյանի ՙՊոլիվինիլացետատ՚ գործարանում`աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ:… Ներկայացված փաստաթղթային տվյալներով, ստուգվեց նաեւ Վարդանյանին տրված 26.02.08թ-ի թիվ Վ-148 արխիվային տեղեկանքի տրման եւ աշխատանքային գրքույկի /29.07.77-28.09.2000թթ./ գրառումների հիմքերը, արդյունքում տարբերություններ չարձանագրվեց:>> Այսինքն, թեպետ ստուգման արդյունքում տարբերություններ չեն արձանագրվում, այնուամենայնիվ Ծառայությունը համարում է, որ իրեն  1.931.052 ՀՀ դրամ գումարի վնաս է պատճառվել եւ  գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացնում դատարան ընդդեմ Էմմա Վարդանյանի:

Հարկ եմ համարում նշել, որ Էմմա Վարդանյանը որեւէ վարչական վարույթի մասնակից չի դարձվել, նրա կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորվելու կամ իրավախախտում կատարելու փաստ չի հաստատվել, ինչը կարող էր հիմք հանդիսանալ գումարի բռագանձման պահանջ ներկայացնելու համար:

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը /նախագահությամբ` դատավոր Ա. Չիչոյանի/ 07.09.2016թ-ի թիվ ԵՇԴ/1207/02/16  վճռով մերժել է հայցը: Դատարանը 31.07.2010թ-ից-29.03.2013թ ժամանակահատվածի համար կիրառել է հայցային վաղեմություն: Իսկ մնացած` 29.03.2013-01.01.2016թթ. ժամանակահատվածում ավել վճարված կենսաթոշակի բռնագանձման մասով հայցը մերժվել է, քանի որ << հայցվորի կողմից չեն ներկայացվել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ առ այն, որ պատասխանող Էմմա Վարդանյանի գործողություններում առկա է ոչ օրինաչափ վարքագիծ, չի հիմնավորվել նաև պատճառահետևանքային կապի առկայությունը` հայցվորի կրած վնասների և պատասխանողի վարքագծի միջև։>>

 Այժմ, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով ընդունել վարույթ, բեկանել եւ ուղարկել ստորադաս դատարան նոր քննության, քանի որ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նյութական նորմի խախտում` կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ 332-րդ եւ 335-րդ հոդվածները: Մինչդեռ, առաջին ատյանի դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նյութական նորմի խախտում թույլ տալ չէր կարող, քանի որ դատավարական այդ նորմի խախտում կարող է թույլ տալ վերաքննիչ դատարանը: Խնդիրը նրանում է, որ եթե նույնիսկ դատարանը չբավարարեր հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, ապա միեւնույնն է հայցը ողջ ժամանակահատվածի համար մերժելու էր, քանի որ գործի քննությամբ չի ապացուցվել Էմմա Վարդանյանի գործողություններում ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, ինչպես նաեւ չի հիմնավորվել  պատճառահետևանքային կապի առկայությունը` հայցվորի կրած վնասների և պատասխանողի վարքագծի միջև:

Վերաքննիչ բողոքը ստորագրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության Սոցիալական ապահովությոն պետական ծառայության պետի տեղակալ Ա. Պարոնյանի կողմից:

Ա. Պարոնյանի կարծիքով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Մինչդեռ, պետք է նշեմ, որ 220.4-րդ հոդվածը մտնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի չորրորդ բաժնի մեջ, որը վերաբերվում է  վերաքննիչ դատարանում վարույթի առանձնահատկություններին: Այսինքն, առաջին ատյանի դատարանը որեւէ կերպ վերաքննիչ դատարանում վարույթին վերաբերվող դատավարական նորմ խախտել չէր կարող:

Ստացվում է, որ ծառայությունը չի պատկերացնում, թե ով ինչ կարող է խախտել կամ ումից ինչ կարելի է պահանջել: Եվ դա դեռ բավական չէ, իր վերաքննիչ բողոքում գտնում է, որ`<< վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացվելիք դատական ակտը կապահովի ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ճիշտ կիրառությունը եւ կբացառի ստորադաս դատարանների կողմից իրավական ակտերի չկիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով անհիմն դատական ակտերի կայացումը>>:

Իմ կարծիքով  իր կողմից բերված ակնհայտ անհիմն վերաքննիչ բողոքով գործադիրը փորձում է ազդել դատական համակարգի վրա եւ ապացուցել հասարակ քաղաքացուն, որ ինքն է խաղի կանոներ թելադրողը` նույնիսկ, եթե օրենքն այլ բան է ասում:

Կամ, չի բացառվում, որ այդ համակարգում պաշտոններ զբաղեցնողները իսկապես համոզված են, որ օրենքը հնարավորությունը տալիս է  որպես ապրուստի միջոց վճարված գումարը քաղաքացուց հետ պահանջել` քաղաքացու մեղքի բացակայության պայմաններում:

Մնում է հուսալ, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ Ա. Մկրտչյանի, չի ենթարկվի գործադիրի ազդեցությանը:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ,

Փաստաբան Անահիտ Բեգլարյան

Նույն շարքից