Հասարակություն գլխավոր 

Պատերազմի օրենքներն ավելի մոտ են բարոյականությանը. Լիպարիտ Սիմոնյան (լուսանկարներ). Yerkir.am

Պատերազմն ունի իր օրենքները. կռվի դաշտում, ինչպես և օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ մասնագիտությունից, անցած ուղուց… Yerkir.am-ը սկսում է նոր՝ «Պատերազմն ու օրենքի պաշտպանները» հարցազրույցների շարքը՝ նվիրված Հայաստանի անկախության ու Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մեր զրուցակիցներն օրենքի պաշտպաններ են՝ իրավաբաններ, ովքեր իրենց ավանդն ունեն Արցախյան ազատամարտում:

Մեր առաջին զրուցակիցը փաստաբան, Արցախյան ազատամարտի մասնակից Լիպարիտ Սիմոնյանն է:

Ծնվել է 1972-ին Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում: 1992թ. ծառայել է Ստեփանավանի հատուկ նշանակության գնդում, մասնակցել Քարվաճառի, Զանգելանի, Հորադիզի, Ֆիզուլիի ազատագրմանը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

-Իրավաբա՞ն էիք, երբ պատերազմը սկսվեց:

-1992թ. դեկտեմբերին ծառայության անցա Ստեփանավանի հատուկ նշանակության գնդում: Այն ժամանակ 20 տարեկան էի, սովորում էի Հայկական բաց հալասարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Ուսանող էի, երբ մեկնեցի ռազմաճակատ: Արցախից վերադառնալուց հետո շարունակեցի կրթությունս, հետո որոշ ժամանակ զբաղվել եմ դիվանագիտական գործունեությամբ, ապա՝ փաստաբանական:

-Ե՞րբ առաջին անգամ զգացիք պատերազմի շունչը:

-1993թ. մարտին առաջին անգամ մարտական առաջադրանք ստացանք և մեկնեցինք Քարվաճառ: Պատերազմ ասվածն առաջին անգամ այդտեղ տեսա: Այդ ժամանակ Քարվաճառը գրեթե դատարկված էր, միայն ֆիդայիներ էին, բայց դա ընդամենը սկիզբն էր այն ամենի, ինչ մեզ հետո սպասվում էր: Այնուհետև մեկնեցինք հարավ, մասնակցեցինք Զանգելանի ազատագրմանը, հետո` Հորադիզ, Ֆիզուլի… 1994թ. մարտի 4-ին Ֆիզուլիում մարտերի ժամանակ երկու ձեռքից վիրավորվեցի:

-Պատերազմի օրենքներն այլ են, ո՞րն է ամենակարևորը, որ պետք է մարտի դաշտում կատարի զինվորը:

-Իմ կարծիքով` պատերազմի օրենքներն ավելի մոտ են բարոյականությանը, համենայն դեպս` ավելի ճշգրիտ ու հստակ են: Խրամատում սպա, թե` զինվոր` հավասար մարդիկ են: Մերոնցից որևէ մեկը վիրավոր հակառոակորդին չէր վնասի, դա փաստ է, շատ են եղել դեպքեր, երբ անգամ վիրավոր հակառակորդին բուժօգնություն ենք ցույց տվել: Ընդունված չէր գերուն ծեծել: Բայց այս օրենքները հակառակորդի համար չէին, պատմությունն էլ է ցույց տվել, որ նրանք մշտապես ստորությունների են դիմում. ապրիլյան պատերազմի խոշտանգումները վառ ապացույցն են:

-Կա՞ պատերազմական դրվագ, որը մինչ օրս «հետապնդում է» Ձեզ:

-Մարտական ընկերոջս՝ Արշակի զոհվելը… Զանգելանի ազատագրման ժամանակ գիշերը, երբ սպասում էինք հակահարձակման, հակառակորդը սկսեց արկակոծել: Արշակը գնաց իր խրամատը, իսկ առավոտյան նրան գտանք զոհված:

- Պատերազմի տարիներին ստիպված եղե՞լ եք մեկ ուրիշին կամ ինքներդ ձեզ օրենքով պաշտպանել:

-Կռվի տարիներն էին, մի անգամ Մեղրիից եկել էինք Երևան, որ ուղեկցեինք պաշտպանության նախարարությունից Ղարաբաղ զենք մատակարարող մեքենան: Այդ տարիներին Մեղրիում, Կապանում և Արցախին մոտ մյուս բնակավայրերում սովորական երևույթ էր զենքով շրջելը: Ես էլ մտածում էի, որ Երևանում էլ է դա սովորական: Սարի թաղում էի բնակվում, զենքով գնացել էի տուն, հետո` նույն զենքով, Սարի թաղի ավոտբուսը նստած, իջա «Ռոսիա» տոնավաճառ: Այստեղ ռազմական ոստիկանությունից եկան, որ ինձ տեղափոխեն ոստիկանություն: Ես էլ սկսեցի իմ իրավունքները բացատրել, փորձում էի հիմավորել, թե ինչո՞ւ եմ զենքով և ուր եմ գնում: Ասել է թե` առաջին անգամ պաշտպանում էի իմ իրավունքները, թեև Երևանում զենքով շրջելու իրավունք չունեի:

Մանրամասն՝ Yerkir.am

Նույն շարքից