Հասարակություն 

Հայաստանը զբաղեցնում է 110–րդ տեղը` ըստ երջանկության ցուցիչի. Ահարոն Ադիբեկյան

analitik.am

Հայաստանը զբաղեցնում է 110–րդ տեղը` ըստ երջանկության ցուցիչի, ուրբաթ լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մարտի 20–ին նշվող Երջանկության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։


 

«Հայաստանը 110–րդ տեղում է` ըստ երջանկության գլոբալ ցուցիչի, իսկ կյանքից բավարարված լինելու հարցում մենք 172–րդ տեղում ենք», – նշեց Ադիբեկյանը։



Նրա խոսքերով, բազմաթիվ հետազոտությունների տվյալներով` հայերի կյանքի ծրագրերում նախատեսված չէ անձնական երջանկության հասնելը։ «Մենք բազմաթիվ սոցհարցումներ ենք անցկացրել հայկական դպրոցներում և համալսարաններում, որտեղ հարցրել ենք մասնակիցներին իրենց նպատակների մասին։ Չի եղել մի մարդ, ով ասեր, թե ցանկանում է երջանիկ լինել», – ասաց Ադիբեկյանը։



Նրա խոսքերով` անցկացվել են նաև բազմաթիվ հարցումներ, որոնց ժամանակ մարդկանց հարցրել են, թե ինչպես են նրանք գնահատում Հայաստանում, մարզերում, համայնքներում և սեփական ընտանիքներում տիրող իրավիճակը։ «Մենք պարզել ենք, որ հարցվածների 70 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, 60 տոկոսը` մարզերում տիրող իրավիճակից և միայն 33 տոկոսն է դժգոհ ընտանիքում տիրող վիճակից։ Դա նշանակում է, որ 67 տոկոսի մոտ ընտանիքում ամեն ինչ բարեհաջող է», – նշեց Ադիբեկյանը։ 



«Ամեն դեպքում հայերին հատուկ է բավարարվել քչով, մենք գնահատում ենք ընտանեկան արժեքներն ու բարեկեցությունը` գերադասելով այդ ամենը անձնական նպատակներից։ Եվ եթե ընտանիքում ամեն ինչ լավ է, ամուսնությունը հաջողված է, երեխաները առողջ են, ապա մենք մեզ երջանիկ ենք զգում», – ավելացրեց նա։

Նույն շարքից