Հասարակություն 

Վարչապետն ընդունել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Վարչապետը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունների մակարդակով մի շարք հանդիպումներ, որոնք նպաստում են երկկողմ համագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործնական կապերի ընդլայնման, քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ:

ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրել Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքները: Պարոն Քարիմը գոհունակություն է հայտնել կառուցողական մթնոլորտում կատարված աշխատանքներից և նշել, որ դրանց արդյունքները գերազանցել են իր ակնկալիքները: ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ստեղծված լավ հիմքի վրա ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել:

Անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Սաջադ Քարիմը բարձր է գնահատել մեր երկրում քաղաքացիական հասարակության գործունեությունը և խոսքի ազատության մակարդակը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափի շրջանակում:

Միաժամանակ, կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարություններով և դիվերսիոն գործողություններով սրել իրավիճակը, ինչը վտանգում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ մարտի 12-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի համար, որով կոչ է արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: 

Նույն շարքից