Հասարակություն 

Նուբարաշենի սպանությունների գործով կալանավորվածը մեղադրվում է տեսանյութեր ջնջելու համար. news.am

analitik.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով այսօր՝ մարտի 20-ին կալանավորված Ալեքսեյ Մկրտչյանի փաստաբան Արա Զաքարյանը պնդում է, որ իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել առանց ապացույցների:

«Իմ պաշտպանյալը համակարգչի մասնագետ է, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համակարգիչներն էր կարգավորում: Այս պարագայում, ըստ քննիչների, իբրեւ սպանություն կատարած անձիք դիմել են այդ կազմակերպություններից մեկին, որտեղի կամերան ֆիքսել է նրանց: Հետո այդ կազմակերպության ղեկավարը Ալեքսեյին ասել է ՝ արի, ջնջի տեսանյութերը: Հիմա քրեական հետապնդման մարմինն ասում է, որ նա որոշակի տեսանյութեր է ջնջել ու պարտակել է սպանությունը, բայց ոչ մի ապացույց չբերեց դրա վերաբերյալ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին եւ այսօր կալանավորված մյուս 3 անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության պարտակում):

 Փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվածներից երկուսը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբյարներն են՝ Կարեն եւ Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են: Կարեն Երեմյանը Ավան Առինջում հայտնի էր «Թիզ» մականվամբ:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել էին կրակոցներ, որոնց հետեւանքով մահացել էր 3 մարդ։ Մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը:

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:

Նույն շարքից