Հասարակություն 

Բաց դաս խորհրդարանում

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան էին այցելել հանրապետության Լոռու եւ Շիրակի մարզերի տարբեր համայնքների ուսումնական հաստատությունների աշակերտներ եւ մանկավարժներ։ Բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է կրթության դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման գործում, այդ համատեքստում նոր սերնդի ներկայացուցիչներին հայրենասիրության ոգով դաստիարակելու, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի, յուրաքանչյուրի պատասխանատվության անհրաժեշտությունը։

«Յուրաքանչյուր ոք իր տեղում պարտավոր է ամեն ինչ անել՝ շենացնելու մեր հայրենիքը, զարգացնելու եւ առաջ տանելու անկախության 25 տարիների ձեռքբերումները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը եւ հավելել, որ բոլորիս առաջին ու սուրբ պարտականությունն է մեր երկրի պաշտպանությունը։

Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաեւ տարբեր բնագավառներում առկա խնդիրներին, մատնանշել դրանց լուծման ուղիները, կարեւորել խորհրդարանի կողմից արդեն հավանության արժանացած կառավարության ծրագրի համապարփակ իրականացումը։

Մտերմիկ ու անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն ու մանկավարժները բարձրացրել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են սոցիալական եւ կրթության ոլորտներին, մասնավորապես՝ ներառական կրթության խնդիրներին։

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը բոլոր հարցերին տվել է սպառիչ պարզաբանումներ։

Հանդիպման ավարտին Լոռու եւ Շիրակի մարզերի աշակերտներն ու մանկավարժները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ։

Նշենք նաեւ, որ հանդիպումը կազմակերպվել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ։

Նույն շարքից