Հասարակություն 

Մահացել է Ռուբեն Հովսեփյանը

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 77 տարեկանում կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ, կինոդրամատուրգ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանը:

Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 5-ին, Երևանում: 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1974-75 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: Աշխատել է «Ավանգարդ», «Գրական թերթ», «Սովետական գրականություն», «Եթերում է Երևանը», «Սովետական գրող», «Նորք» թերթերի և ամսագրերի խմբագրություններում: Ղեկավարել է նաև ՀԽՍՀ նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունը:

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել Ռուբեն Հովսեփյանի «Ճիչ» ժողովածուն (Երևան, 1975 թ.), «Ճայերը» պատմվածքների ժողովածուն (Երևան, 1981 թ.): 1975 թվականին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: 1983 թվականին «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լեզվով հրատարակել է «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է Ռ. Հովսեփյանի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը: 1984 թվականին «Սովետսկի պիսատել» հրատարակչությունը լույս է ընծայել «Կարմիր որդան» ժողովածուն, 1985 թվականին «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով «Սովետական գրող» հրատարակչությունը` «Ապրիլ» ժողովածուն:

Ռ. Հովսեփյանի սցենարով նկարահանվել է «Հնձան» («Հայֆիլմ», 1973 թ.), «Ամենատաք երկիրը» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1983 թ.), «Ապրիլ» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1985 թ.) կինոնկարները: Ռ. Հովսեփյանի սցենարի հիման վրա է նկարահանվել Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործությունը («Հայֆիլմ», 1985 թ.):

Ռուբեն Հովսեփյանը թարգմանել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը» վեպերը, ինչպես նաև Լև Տոլստոյի «Մանկություն», «Պատանեկություն» և այլ ստեղծագործություններ:

Անվանի գրողը 1980 թվականին «Որդան կարմիր» վիպակի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2006 թվականին «Ծիրանի ծառերի տակ» վիպակի համար` ՀՀ նախագահի մրցանակի, 2010 թվականին` Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի: 2009 թվականին Ռուբեն Հովսեփյանին շնորհվել է «Մովսես Խորենացի» մեդալ, 2014 թվականին` ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: 2016 թվականին պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Նույն շարքից