Հասարակություն 

Առաջիկա հինգ օրերին հանրապետությունում անկայուն եղանակը կշարունակվի. Գագիկ Սուրենյան

analitik.am

Առաջիկա հինգ օրերին հանրապետությունում անկայուն եղանակը կշարունակվի: Կիրակի օրվա երկրորդ կեսից հանրապետությունում գործելու է  հերթական ցիկլոնը, որից հետո երկրի ողջ տարածքում կլինեն ինտենսիվ տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կդիտվեն ձյան տեսքով, նախալեռնային գոտիներում թաց ձյան և անձրևի տեսքով, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

 

«Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 23-ի գիշերը ներառյալ, իսկ ցերեկն արդեն կդիտվի տեղումների դադար: Մարտի 24-ին կրկին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ և ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  տեղումները կշարունակվեն: Մարտի 26-ին արդեն հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ»,- հայտարարեց Գագիկ Սուրենյանը:



Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա մարտի 22-ին երեկոյան ժամերին կրկին ներթափանցելու են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, սակայն առաջիկա 5 օրերին ցրտահարության վտանգ չի սպասվում:



«Նվազագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև 1 աստիճան տաքություն, իսկ մարտի 26-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը և կդառնան հարավ-արևմտյան տաք օդային հոսանքներ: Մարտի 26-27-ին ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով»,- նշեց Գագիկ Սուրենյանը:



Ըստ նրա՝ մարտի 26-27-ին արդեն գիշերը կունենանք 4-6 աստիճան տաքություն, ցերեկը՝ մինչև 16-17 աստիճան:



Կանխատեսումներ ներկայացնելով ապրիլ ամսվա եղանակային պայմաններից, Գագիկ Սուրենյանն ասաց, որ երկրի ողջ տարածքում տեղումները լինելու են  նորմայից ավելի, օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում:



«Ամսվա առաջին տասնօրյակում Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում պայմանավորված ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, գիշերը հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -7-ից 12 աստիճան: Իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում տաք օդային հոսանքների ներթափանցման հետ կապված կդիտվի ջերմաստիճանի բարձրացում. Ցերեկը մինչև 10-15 աստիճան»,-հաղորդեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Նույն շարքից