Քաղաքականություն 

Գերմանիան մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Բունդեսթագի պատգամավոր

analitik.am

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ հայ խորհրդարանականները խոսել են երկկողմ զարգացող հարաբերություններից, բարձր են գնահատել բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ ձեւավորված սերտ համագործակցությունը, կարեւորել են փոխայցերը: Նաեւ բարձր է գնահատվել գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը տարբեր խորհրդարանական հարթակներում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախդրից՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ով ստանձնել է նախագահությունը ԵԱՀԿ-ում, հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:

Անդրադառնալով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երեւանյան գրասենյակի գործունեությանը` Արտակ Զաքարյանը նշել է, որ կառույցն ակտիվ եւ տեսանելի գործունեություն է իրականացնում Հայաստանում՝ հատկապես ընդգծվել է երիտասարդության շրջանում իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հիմնադրամի նախաձեռնություններում եւ ծրագրերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում հայ-գերմանական հարաբերությունները զարգացմանը վերաբերող հարցեր եւ ծրագրեր: Նաեւ քննարկվել են նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի երկու խորհրդարանական պատվիրակությունների՝ Գերմանիա այցելություններին վերաբերող հարցեր:  Անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության տարածքում ստեղծված իրավիճակին եւ խաղաղ կարգավորումների անհրաժեշտությանը:

Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, խոսելով երկկողմ կապերից, նշել է, որ Գերմանիան մեծ ջանքեր է գործադրում խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Վայլերն իր ցավակցությունն է հայտնել տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:

Հանդիպման ավարտին հյուրերն Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել են ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, հարգել նրանց հիշատակը:

Նույն շարքից