Ուկրաինայի ընդդիմադիր դաշինքի ազգային պատգամավոր Նեստոր Շուֆրիչը, ով Ուկրաինայի նախկին նախագահի կողմնակիցներից է, հաստատել է Վիկտոր Յանուկովիչ–կրտսերի մահվան մասին տեղեկությունը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է պատգամավորի մամլո կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
«Ողբերգական մահով մահացել է Վիկտոր Վիկտորի Յանուկովիչը: Մահացավ այնպես, ինչպես և ապրել էր` մեքենայի ղեկին: Չի կարելի չգնահատել Վիկտոր Յանուկովիչ կրտսերի ներդրումը Ուկրաինայի ավտոմոբիլային սպորտի զարգացման գործում: Մեր երկրի քաղաքականության ոլորտում նա շատ բան էր տեսնում, հասկանում, և շատ բաների հետ չէր համաձայնում: Աստված հոգին լուսավորի», - մեջբերում է Շուֆրիչի մամլո ծառայությունը:
Պատգամավորը ցավակցություն է հայտնել Վիկտոր Յանուկովիչ–կրտսերի կնոջը` Օլգային, որդուն, ծնողներին և հարազատներին:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան մասին: Ըստ տարածված տեղեկության` նրա հետ դժբախտ դեպք է պատահել Բայկալ լճում, ուր վերջինս մեկնել էր ձկնորսության: Հաղորդվող վարկածներից մեկի համաձայն` նա պատրաստվում էր հերթական մրցարշավին` Բայկալի մերձակա շրջաններից մեկում, և նրա ջիպը խորտակվել է ընթացքի ժամանակ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն, իր հերթին, հերքել էր այդ տեղեկատվությունը: