Հասարակություն Մշակույթ 

Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքների մասին հազվագյուտ փաստաթուղթ է հայտնաբերվել

analitik.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին: Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի:

 

Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից, որտեղ նշվում է, որ այն նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին:

 

Նյութը ներկայացվում է ամբողջությամբ. 

 

Շահառուները դարձան բարեգործներ

 

«Ոչ վաղ անցյալում աֆրիկյան մի ցեղախումբ ճանաչեց քրիստոնեությունն ու ընդունեց քրիստոնեական գաղափարներն ու նպատակները:


Թե ինչպես նրանք իմացան Մերձավոր Արևելքում իրենց քրիստոնյա եղբայրների կարիքների մասին, պարզ չէ, բայց նրանք եկան այդ գիտակցությանը և այդ ոգով հանգանակություն կատարեցին «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց»-ին՝ սովյալ հայերին սնունդով ապահովելու համար:


Հանգանակված գումարը ճանապարհորդության ընթացքում ոչ միայն չարժեզրկվեց, այլև դարձավ ավելի օգտակար:


Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելի Ժ. Դ. Մբենկո-Նյանգին ուղարկել է մի լուսանկար: Նա ունի շուրջ երկու հարյուր հիսուն հետևորդ: Լուսանկարի տղամարդիկ այդ միաբանությունից են, որոնց նա խրախուսել և օգնել է հաղթահարել տեսախցիկի առաջ կանգնելու սնահավատությունը: Լուսանկարի առաջին երկու շարքում «կարմիր» հետևորդներն են, ովքեր իրենց ներկում են կավաքարով և գնում են դեպի գյուղ մերկ մարմնով: Հետևում գտնվողները, ովքեր կրում են բաճկոններ ու մանյակներ, ավելի քաղաքակիրթ չէին, քան իրենց քույրերն ու եղբայրները երկու տարի առաջ:


Անկախ նրանց քաղաքակրթությունից, քրիստոնեական բարեգործությունը նրանց սրտերում էր, որն էլ փրկեց իրենց քրիստոնյա եղբայրներին: Նրանց բարեգործությունը արժանի է երախտագիտության»: 

Նույն շարքից