Արևմուտքը որևէ լավ բան չի արել Թուրքիայի համար: Նման կարծիք հայտնել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ արդեն 53 տարի է իր երկրին ստիպում են սպասել Եվրամիության դռների մոտ: Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին էրդողանը խոսել է երկրի բուհերից մեկում գիտական կոչումներ շնորհելու միջոցառման ժամանակ:
Թուրքիայի նախագահի խոսքերով, այսուհետ Անկարան ինքն է լուծելու իր խնդիրները. «Մենք կարող ենք փորձությունները հաղթահարել: Վստահ եղեք»,-նշել է նա:
Էրդողանը հավելել է, որ վերջին երեք տարվա ընթացքում Թուրքիան փոխել է իր հայացքները և զարգացման նոր ուղի է ընտրել. «Մեզ համար կարևոր չէ, թե ով ինչ կասի: Անելու ենք այն, ինչ անհրաժեշտ է մեր ժողովրդի զարգացման և բարգավաճման համար»: