Հասարակություն 

Հովհաննես Հարությունյանի կյանքին վտագ չի սպառնում. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն ընդունեց  «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամներ Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին  և Թամարա Հարությունյանին, լրատվամիջոցների ներկայացուցիչների: Նրանք իրենց մտահոգությունն էին հայտնում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող հրազենային վնասվածք ստացած Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ:

Հանգամանորեն լսելով  նախաձեռնության անդամներին` փոխնախարարը հավաստիացրեց, որ հիվանդի կյանքին վտագ չի սպառնում :

Վահան Պողոսյանի խոսքով` երկրի առողջապահական ենթակառուցվածքները, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության,    ՊՊԾ գնդի գրավման և  դրան հաջորդած հանրահավաքների ու հաջորդող իրադարձությունների ժամանակ  տուժած քաղաքացիներին մշտապես  ցուցաբերել է մասնագիտական աջակցություն և այդ օրերին   աշխատել է բարձր պատրաստվածության պայմաններում:

Հանդիպման ավարտին` նախարարի տեղակալը Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետին հանձնարարեց անմիջապես կազմակերպել  մասնագետի գործուղում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` տեղում պարզելու  Հ. Հարությունյանի վիճակը: Այնուհետև` կազմակերպել կոնսիլիում, որում կներառվի նաև  «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության կողմից առաջադրված բժիշկ: Կոնսիլիումի  և անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում կընտրվի բուժման առավելագույնս արդյունավետ  մոտեցումը:

ՀԳ

ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանն արդեն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հովհաննես Հարությունյանին և անհրաժեշտ խորհրդատվություն իրականացվել: Նշանակվել է մագնիսառեզոնանսային շերտագրում, որը կիրականացվի վաղն իսկ: Մագնիսառեզոնանսային շերտագրման արդյունքների հիման վրա կգումարվի կոնսիլիում, և կընտրվի բուժման մոտեցումը:

Նույն շարքից