Հասարակություն 

Թուրք գրողը Հայաստանի մասին վեպ է գրել

analitik.am

Օրերս հրատարակվել է թուրք գրող, լրագրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուի հեղինակած «Ֆիդայիի հեղափոխությունը. Հայաստանում կորած ժառանգությունը» գեղարվեստական վեպը, որտեղ հեղինակը պատմում է թուրք գործակալ Ջևքեթ Սամիի մասին, ով գործունեություն է ծավալում Հայաստանում: Այս մասին գրված է Օզթարսուի պաշտոնական կայքում:



Ըստ աղբյուրի՝ «թուրք գործակալը ներդրվել է Հայաստանում գործող «Ֆիդայի կոմիտեի» կազմում, որը հեղաշրջում է պատրաստում զինվորական անցյալ ունեցող գործող նախագահի դեմ:



Լրտեսական գործունեության ընթացքում էլ Սամին բացահայտում է, որ Հայաստանում ազգականներ ունի: Վեպում արծարծվում են Հայաստանում սոցիալական իրավիճակը, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի քաղաքական դերերը, Արցախյան հակամարտության և Հայոց ցեղասպանության հարցերը»։



Հեղինակը նաև պնդում է, թե սա թուրքական գրականության առաջին վեպն է, որի թեման Հայաստանն է:



Նշենք, որ Օզթարսուն վերջին տարիներին որոշ ժամանակով բնակվել և սովորել է Հայաստանում: Վերջինս հեղինակել է նաև «Սակայն ինչպիսի հայեր. Իրար չճանաչող երկու թշնամու պատմությունը» գիրքը։ Նա հոդվածներ է գրում թուրքական «Զաման» պարբերականի համար, որտեղ հիմնականում անդրադառնում է Հայաստանին վերաբերող թեմաների:

Նույն շարքից