Առողջապահություն Հասարակություն 

Մեկնարկել է «Հակամանրէային դեղեր. Կիրառել պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավը

Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթվա սկիզբն ազդարարվեց ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսով:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` 2015 թվականի մայիսին  Առողջապահության համաշխարհային ասամբլեան հավանության է արժանացրել հակամանրէային  դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագիրը: ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես, կարևորելով հարցը, մշակել է ՀՄԴԿ-ի կանխարգելման ռազմավարություն, որը 2015 թվականին հավանության է արժանացել ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում  հակամանրէային դեղերի անհարկի կիրառման դեմ պայքարն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին ու երաշխավորություններին համընթաց: Փոխնախարարի խոսքով` հանրության մեջ հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառման սովորությունը  հնարավոր է վերանայել`  նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի օգնությամբ: Հակաբիոտիկները պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ, հարբուխն ու մրսածությունը, բարձր ջերմությունը սեփական որոշմամբ հակամանրէային դեղ ընդունելու ցուցում չեն: Հակաբիոտիկի անհարկի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում կայուն շտամերի ձևավորման, ինչի հետևանքով բարդանում, ծախսատար է դառնում առավել բարդ համակարգային հիվանդությունների բուժումը:

Ասուլիսի ժամանակ ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը կարևորեց ամբողջ աշխարհում հակամանրէային դեղամիջոցների անհարկի կիրառման դեմ տարվող աշխատանքները: Ըստ Զայցևի` հակամանրէային դեղամիջոցները չափազանց կարևոր են ողջ մարդկության համար և դրանց նկատմամբ անհրաժեշտ է  առավելագույն զգոնություն և ուշադրություն ցուցաբերել:

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ և հակամանրէային դեղերի հարցերով ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը ներկայացրեց Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթվա ընթացքում մեր երկրում իրականացվելիք միջոցառումները, որոնք բազմաբաղադրիչ են: Քրիստինա Գյուրջյանի դիտարկմամբ արդեն իսկ տեսանելի են անցյալ տարվա արդյունքները:

Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթն այս տարի անցկացվում է նոյեմբերի 14-20-ը: Այն նպատակ ունի բարձրացնելու հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԴԿ) վերաբերյալ իրազեկման մակարդակը և իրականացնելու ՀՄԴԿ հետագա աճն ու տարածումը կանխարգելելու  լավագույն փորձի փոխանակում` առողջապահության ոլորտի մասնագետների և քաղաքականություն մշակողների շրջանում:

«Հակամանրէային դեղեր. Կիրառե'լ պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավը նպատակ ունի հիմնավորելու այն միտքը, որ հակամանրէային դեղերը արժեքավոր ռեսուրս են և պետք է պատշաճ կերպով օգտագործվեն, այսինքն պետք է կիրառվեն միայն բժշկի կամ անասնաբույժի կողմից նշանակելու դեպքում:

Նույն շարքից