Վաշինգտոնում գտնվող Policy Forum Armenia-ն (PFA), որը հայ տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, իրավական փորձագետների խումբ է, եվրոպարտատոմսերի վերջին թողարկումը Հայաստանի կառավարության կողմից համարում է «անպատասխանատու» և «երկրի համար վնասակար»։ Այս մասին հայտնում է Armenia Now-ն։
Հայաստանն ունի տնտեսական բարեփոխումների կարիք, ոչ թե թանկարժեք արտաքին պարտքի թողարկման՝ ասվում է հայտարարության մեջ։ PFA-ն հավատացած է, որ եվրոպարտատոմսերի թողարկումը կհանգեցնի էլ ավելի մեծ կորուստների։
Անցած շաբաթ Հայաստանի կառավարությունը թողարկեց 500 մլն դոլար արժեքով՝ 7.5 տոկոս եկամտաբերությամբ եվրոպարտատոմսերի երկրորդ խմբաքանակը։ 10 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսերը վաճառվեցին միջազգային ֆինանսական շուկաներում հինգշաբթի՝ Deutsche Bank-ի, HSBC-ի և JP Morgan-ի միջոցով։
PFA-ն քննադատել է Հայաստանի կառավարությանն այդ քայլի և քաղաքականության փոփոխություններից խուսափելու համար։
«Խորը բարեփոխումներ են անհրաժեշտ՝ Հայաստանի տնտեսությունը շարժելու մոտալուտ փլուզումից»,- ասվում է հայտարարության մեջ։ Վերլուծական խումբը կարծում է, որ կառավարության այս քայլը միայն կհետաձգի անխուսափելին։
«Հայաստանի ապագա ժողովրդավար կառավարությունները կունենան բոլոր հիմքերն անօրինական հայտարարելու այդ պարտքերն ու դադարելու սպասարկել դրանք»,- եզրափակում է հայտարարությունը։