Անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակի միջազգային օրը ստրկության զոհերին նվիրված հուշարձան է բացվել ՄԱԿ–ի` Նյու Յորքում տեղակայված կենտրոնակայանում։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՅՈւՆԵՍԿՕ–ի ղեկավար Իրինա Բոկովան, ԳՎ–ի նախագահ Սեմ Քութեսան և աֆրիկյան երկրների դիվանագետներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկացի քանդակագործ Ռոդնի Լեոնի «Վերադարձի կամարը» տեղադրվել է East river գետի ափին` կենտրոնակայանի տարածքում։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքերով` «հուշարձանը տեղադրվել է ՄԱԿ–ի կենտրոնակայանում`ի հիշատակ 15 մլն տղամարդկանց, կանանց և երեխաների, որոնց ստիպել են հատել Ատլանտյան օվկիանոսը ստրկավաճառների նավերով։ Այս հուշարձանը նվիրվում է մեծ թվով մարդկանց, որոնց գնել էին ստրկավաճառները, սակայն նրանք չէին դիմացել ճամփորդությանը դեպի Ամերիկա»։
Պան Գի Մունի խոսքով` հուշարձանը մարմնավորում է նաև այն զգալի ներդրումը, «որը ստրուկներն ու նրանց սերունդները կատարել են հասարակության զարգացման գործում»։