Հասարակություն գլխավոր 

Տիգրան Ուրիխանյանի մասով քրեական գործը չի կարճվել. Ինչ նոր դրվագ է ի հայտ եկել. armtimes.com

«Analitik.am»-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործում փոփոխություններ են կատարվել:

Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասով Անիի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ խոշոր չափով շորթման մեղադրանքով, կարճվել է: Իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասով Անիի մեղադրանքը վերաորակվել է: Բացի դա, գործով ի հայտ է եկել նոր դրվագ: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Սիմոնյան, Կարեն Բաբակեխյանի մասով ի՞նչ հիմքով է գործը կարճվել:

- Կարեն Բաբակեխյանի մասով (182 հոդվածի 2-րդ մաս) գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այսինքն՝ Անի Հովհաննիսյանի գործողություններում չկա շորթման հանցակազմ: Իսկ Տիգրան Ուրիխանյանի մասով, նախկինում իմ պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց կողմից շորթում կատարելու համար, բայց քանի որ հիմա Վարդիթեր Գիշյանի (կայքի լրագրող) մասնակցությունը ապացուցված չէ, ուստի մեղադրանքը վերաորակվեց ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով (շորթում):

- Բացի դրանից, նոր մեղադրանք է՞լ է առաջադրվել:

- Այո, նոր դրվագ կա, որով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից շորթում կատարելը):

- Ի՞նչ դրվագի մասին է խոսքը, կարո՞ղ եք մանրամասնել:

- Կարող եմ միայն երկու բառով ասել: Ցանկացած լրատվական կայք կամ լրատվամիջոց օգտվում է նաեւ գովազդներից: «Անալիտիկ» կայքի աշխատակիցներից մեկը զանգում է բոլոր կազմակերպություններին եւ գովազդ առաջարկում: Հիմա էդ գովազդների հիման վրա ենթադրում են, որ էդ կազմակերպություններից մեկին զանգելու նպատակը եղել է շորթելը: Այնինչ ո՛չ պահանջ է եղել, ո՛չ առաջարկ: Ընդամենը ոնց որ մյուսներին են զանգել, այնպես էլ այդ կազմակերպություն, որի վերաբերյալ կայքը հոդվածներ է տպել: Հիմա դրա հիման վրա ենթադրություններ են արել, որ եթե զանգել են՝ գումար են ուզել: Այսպես ասած ենթադրությունների վրա հիմնված, ոչինչ չասող մեղադրանք է: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ դրա հետ կապված հայտարարություն եւ միջնորդություն պետք է անեմ:

- Դուք միջնորդել էիք առերեսում իրականացնել Անի Հովհաննիսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի միջեւ: Ի վերջո, առերեսումը եղա՞վ, թե՝ ոչ:

- Տիգրան Ուրիխանյանի մասով չի եղել, այլ առերեսում եղել է՝ «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանի հետ: Ինձ համար շատ հետաքրքիր է, տեղեկացա, որ Անի Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տվող անձը խարդախության համար դատապարտվել է եւ արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այդ առերեսմամբ ըստ էության Անի Հովհաննիսյանի կողմից գումարի պահանջ ներկայացնելու կամ սպառնալիք ներկայացնելու որեւիցե հղում չկար: Այնուամենայնիվ, պնդելու եմ, որ Ուրիխանյանի մասնակցությամբ էլ առերեսումը լինի:

- Անի Հովհաննիսյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված նոր մեղադրանքի, նոր դրվագի վերաբերյալ:

- Բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչում, համարում է դա լրիվ աբսուրդ, շինծու մեղադրանք:

Մանրամասն՝ armtimes.com

Նույն շարքից