Հասարակություն 

«Հայաստանում 5 նոր աղանդ է գործում»

Հայաստանում սկսել են գործել 5 նոր աղանդներ՝ «Ռեյկի էներգետիկ կենտրոն», «Աստծո մանուկներ», «Լոգոս եկեղեցի», «Արարատ եկեղեցի» և «Գավիթ եկեղեցի»: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ աղանդներից տուժած քաղաքացիների հետ հունվարից աշխատելու են բացվելիք նոր կենտրոնի հոգեբանները:

«Ռեյկի աղանդն իբր կենսական էներգիա է տալիս մարդկանց: «Աստծո մանուկների աղանդը» դասվում է խարիզմատիկ եկեղեցիների դասին, գործում է Կոտայքի մարզում: «Լոգոս» և «Արարատ» չգրանցված աղանդները գործում են Երևանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց ձեռքի տակ են բազմաթիվ հայտնի անձանց անուններ, այդ թվում՝ քաղաքական գործիչների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների, որոնք բազմաթիվ աղանդների հետևորդներ են: 

«Նրանց անունները չենք հրապարակի, պարզապես կասենք, որ ոմանց մասին տեղեկություններ արդեն իսկ ուղարկել ենք համապատասխան իրավապահ մարմիններին»,- նշեց Սևակ Հովհաննիսյանը:

Լիգայի համակարգող Գոռ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ լիգան Երևանում և ՀՀ մի քանի մարզերում հարցումներ է անցկացրել ավելի քան 8 հազար 357 մարդու շրջանում՝ պարզելով, որ հարցվածների միայն 56.37 տոկոսն է Առաքելական եկեղեցու հետևորդ, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցու հետևորդ է 1.95 տոկոսը, «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ՝ 24.4 տոկոսը, «Եհովայի վկա» աղանդի հետևորդ՝ 9.8 տոկոսը, հեթանոս է հարցվածների 0.16 տոկոսը և այլն: 

«Համոզված ենք՝ «Կյանքի խոսք» աղանդը ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից: Դրա ղեկավար Արթուր Սիմոնյանը այդ երկրում իր եկեղեցին է կառուցում, ինչը նշանակում է, որ լայն հովանավորչություն է վայելում»,- նշեց նա:

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ երկու օր առաջ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել մի ներկայացում, որը հանդիսատեսին քարոզում էր սեռափոխություն: «Տեղեկացված ենք, որ ներկայացումը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի, «Կանանց ռեսուրս կենտրոն»-ի և ՄԻՊ-ի կողմից: Սրանք կառույցներ ենք, որոնք սատարում են գենդերային հավասարության մասին օրենքին»,- ասաց նա:

Նույն շարքից