Հասարակություն 

19-ամյա քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի 12-ամյա պարտադիր կրթության վրա. Ա. Մանուկյան

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ողջունում է կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, սակայն համոզված է, որ այն չի կարող հաջողության հասնել:

 

Նշենք, որ նախագծով առաջարկվում է 9-ամյա կրթության փոխարեն 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր:

 

«Գաղափարը լավն է, իրականացնելը՝ այսօրվա վիճակով անհնար։ Ավագ դպրոցի ներդնումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես ներդնել, դա վնաս է բերում, ոչ թե օգուտ»,- ասաց Մանուկյանը և ընդգծեց, որ մի քանի ամիս առաջ այս փաստաթուղթն այլ տեսք ուներ, սակայն այժմ բերվել է ուրիշ փաստաթուղթ:

 

«Թեպետ հիմա էլ նույն խնդիրները մնացել են օդից կախված»,-ասաց նա:

 

Մանուկյանի խոսքով՝ ֆիզիկական ու տեխնիկական իրականացման հնարավորություն չկա. «350 դպրոց ունենք, որտեղ 12-ից ավելի աշակերտ չկա, էդ ո՞նց եք 12-ամյա կրթությունը սարքում պարտադիր, 109 ավագ դպրոցներից միայն 9-ն է գյուղական համայնքներում, ինչպե՞ս եք դա իրականացնելու, սիրուն գաղափարը կարելի է տալ, ջարդուփշուր անել, երբ դասագրքային ռեսուրսով այդ խնդիրը դեռ պատրաստ չէ։ Ինձնից ազատական չլինեք, բայց հանրակրթությանը պետք է զգույշ մոտենալ»:

 

Արամ Մանուկյանը շեշտեց, որ 19 տարեկան քաղաքացին լիարժեք քաղաքացի է, որին հնարավոր չէ պարտադրել։

 

«Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո պարտադիր կրթության վրա։ Սա դառնալու է կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց, որ պարտադրեն, խեղճացնեն քաղաքացուն, չի կարելի 19 տարեկան քաղաքացուն պարտադրել։ Դուք կասեք կրթության իրավունքը գերակա է, բայց ապահովեք, ոչ թե պարտադրեք։ Դուք ծրագրի մասին պետք է խոսեք, պետությունը պետք է երաշխավորի ծրագիր, որն ապահովի կրթության իրացումը»,-ասաց Մանուկյանը:

 

Պատգամավորի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է օրենքը հրատապ երկրորդ ընթերցմամբ քննարկվում։

 

«Որերորդ անգամ եմ ասում՝ կրթության համակարգում մի՛ արեք այսպիսի բաներ, հրատապ արած բարեփոխումները վնասում են։ Այստեղ ավելի շատ սոցիալական խնդիր կա, քան կրթական, եթե կոշիկով ու շորով չենք կարողանում ապահովել, ո՞նց ենք պարտադիր սարքում 12-ամյա կրթությունը»,-նշեց նա:

Նույն շարքից