Հասարակություն 

Սահմանամերձ գյուղերում կկառուցվեն լրացուցիչ ապաստարաններ. ՏԿԱԻՆ փրկարար ծառայության պետ

analitik.am

Սահմանամերձ համայնքներում առկա ապաստարանները կհամալրվեն: Այս մասին այսօր «ՀՀ-ում Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը:



 

Նրա խոսքով՝ քիմիական, ճառագայթային վտանգների և ռազմական դրության պայմաններում նկուղների, ապաստարանների ու թաքստոցների համալրումը պետք է իրականացվի ողջ հանրապետության տարածքում:

 

 

ՓԿ ծառայության տնօրենի խոսքով՝ կառավարության տարբեր թվականների, տարբեր տարիներին հաստատված կարգերով՝ ներդրված են քաղպաշտպանության ոլորտի բազմաթիվ միջոցառումներ, նաև՝ բնակչության ուսուցում։

 

 

Լսումներին ներկա Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գյուղում մի քանի թաղամասերում բնակելի տների նկուղային հարկերը հարմարեցված են թաքստոցների և ապաստարանների համար, գյուղի դպրոցում ՀՀ վարչապետի այցելությունից հետո նման թաքստոց ևս կահավորվել է:

 

 

«Կատարվում են ուսումնասիրություններ պատերազմի դեպքում եղած կառույցները ճիշտ կերպով օգտագործվելու համար, կառուցել ենք այսպես ասենք՝ ընտանեկան կառույցներ 2,5 մետրի վրա»,-նշեց գյուղապետը՝ հիշեցնելով, որ պատերազմի տարիների այս համայնքը գնդակոծվում էր անգամ ուղղաթիռներից:

Նույն շարքից