Հասարակություն 

Հակառակորդի կողմն անցած Անդրանիկը պրոբլեմատիկ ընտանիքում է մեծացել, նրա աշխատավարձը միշտ հայրն է ստացել

analitik.am

Հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը պրոբլեմատիկ ընտանիքում է մեծացել` մոր հոգեկան առողջությունը լավ չէ, իսկ հայրը նամարդ մարդ է և թույլ չի տվել, որ որդին որևէ մեկի հետ ընկերություն անի:


Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: «Հայրը թույլ չէր տալիս, որ որդին որևէ մեկի հետ ընկերություն անի: Այս տարիների ընթացքում անգամ 1000 դրամ չի տվել, որ տղան գնա, մի միջոցառման մասնակցի: Իսկ, երբ Անդրանիկը պայմանագրային զինծառայության անցավ, քարտը հայրը ձեռքից վերցրել էր և ինքն էր տղայի աշխատավարձը ստանում:



Մեքենա էին գնել, բայց թույլ չէր տալիս, որ տղան վարի: Թույլ չէր տալիս, որ տունը ընկեր, բարեկամ բերի, հետները մի բաժակ բան խմի: Տղան էլ երևի չդիմացավ, թողեց, անցավ, էլի»,- մանրամասնեց գյուղապետը: Նա նաև նշեց, որ դիրքերում ծառայակիցների հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել:



«Մեր բոլոր տղերքն իրար հետ եղբոր պես են: Ես էլ եմ այնտեղ եղել և անձամբ համոզվել: Քեֆդ գալիս էր նրանց փոխհարաբերություններից, ոնց որ ախպերը` ախպոր հետ: Դա ընտանեկան խնդիր էր»,-նշեց գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը սիրած աղջիկ ունեցե՞լ է, պատասխանեց, որ այս գյուղում հավանած աղջիկ ունեցել է, բայց նրա ձեռքը խնդրելու, նշան դնելու քայլեր Անդրանիկի կողմից չեն ձեռնարկվել: Հավանաբար չի համարձակվել դիմել այդ քայլին: Մեկ այլ հարցին, թե Անդրանիկի հարազատները միջոցներ ձեռնարկո՞ւմ են նրան հետ բերելու ուղղությամբ, պատասխանեց. «Անդրանիկը ի՞նչ հարազատ ունի: Հայրն ու մայրն են, էլի: Կարմիր Խաչի ներկայացուցիչները եկան գյուղ, ես էլ էի այնտեղ, ասացին, որ եթե ադրբեջանական կողմը համաձայնություն տա, իրենց ներկայացուցիչները կտեսակցեն Անդրանիկի հետ:



Բայց այս պահին դեռ ոչ մի նորություն չկա»: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: 

Նույն շարքից