Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Կին Հեն Ջունին (նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Պապիկյանը հաջողություն է մաղթել Կիմ Հեն Ջունին իր առաքելության իրականացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ ԿԺԺՀ-ն ցանկանում է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային և սպորտի բնագավառներում:
Դեսպանը նախարարի տեղակալին ներկայացրել է նաև իրադրությունը Կորեական թերակղզում, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումներն ու հիմնահարցի լուծման հեռանկարները: Նախարարի տեղակալը դեսպանին ներկայացրել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, որ բոլոր հակամարտություններն ու առկա հիմնախնդիրները պետք լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: