Ամերիկյան JetBlue ավիաընկերության օդաչու Քլեյթոն Օսբոնը, որի կատաղի վարքի պատճառով 2012թ. մարտին խափանվել էր Նյու Յորքից Լաս Վեգաս թռչող ինքնաթիռի թռիչքը, պահանջում է 16 մլն դոլար փոխհատուցում:
Համապատասխան հայցը JetBlue-ի դեմ ներկայացվել է Նյու Յորքի դաշնային դատարան: 52-ամյա Օսբոնը պնդում է, որ իր ոչ ադեկվատ վարքի պատճառն այն է, որ իր մոտ ինչ-որ «նոպա» է սկսվել:
Օդաչուի խոսքով՝ ընկերության աշխատակիցները պետք է նկատեին իր վատ ինքնազգացողությունը ու արգելեին թռիչք իրականացնել, սակայն նրանք դա չեն արել, և ինքը խայտառակվել է ուղևորների առաջ ու փչացրել է իր կարիերան:
Օդանավի թռիչքից անմիջապես հետո, որտեղ 135 ուղևոր կար, Օսբոնը սկսել էր արտաբերել տարօրինակ արտահայտություններ ու միմյանց հետ կապ չունեցող թվեր:
Մի քանի ժամ թռիչքից հետո նա ինքնաթիռի ղեկավարումը հանձնել է երկրորդ օդաչուին, իսկ ինքը դուրս է եկել ինքնաթիռի սրահ ու սկսել բղավել: Արդյունքում ուղևորները, այդ թվում՝ մի ոստիկան, ոլորել էին կատաղած օդաչուի ձեռքերը: Երկրորդ օդաչուն հաջողությամբ ինքնաթիռը վայրէջ էր կատարել Տեխասում:
Որոշ ժամանակ անց Օսբոնին ենթարկել են հարկադիր հոգեբանական փորձաքննության: