Ապրիլ մայիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի 35-40 սմ-ով բարձրացում, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3-8սմ-ով. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ հայտարարելով, որ տարին ջրառատ է, և այս տարի գրեթե ամբողջությամբ կանխատեսվում է, որ կլցվեն հանրապետության ջրամբարները:
«ՀՀ 4 ջրամբարներից առավելագույն ջրալցվածություն կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում՝ 85-90%, այսինքն՝ 440-470 մլն խմ։ Համեմատության համար նշեմ, որ 2014թ-ին այդ ցուցանիշը 281 մլն էր։ Ազատի ջրամբարի համար կանխատեսվում է 100% ջրալցվածություն, 2014-ին եղել է 48,9%, Արփի լիճ ջրամբարում՝ 80-90%, 2014-ին եղել է 43,6%, իսկ Ապարանի ջրամբարի համար 60-70% ջրալցվածություն, 2014թ-ին եղել է 24,7%, որը վերջին 25 տարվա համար ամենաքիչ ցուցանիշն էր»,- ասաց նա:
Լևոն Ազիզյանը նկատեց, որ ջրամբարների համեմատությունը ցույց է տալիս, որ դրական նախանշանները կան և որ այս տարի 1,5 անգամ ավելի ջրառատ կլինի, քան անցյալ տարի:
Նա նշեց, որ անցած տարի խիստ սակավաձյուն ձմեռ էր և չոր գարուն և դրանով պայմանավորված անցած տարի եղավ ջրի խնդիր և ջրամբարները լցվեցին ընդամենը 30-40%-ով: Իսկ այս տարի արդեն նորմայի սահմաններում կլցվեն, այսինքն՝ ամբողջությամբ:
Իսկ հարցին, թե ջրամբարները լցված լինելու դեպքում Սևանա լճից ավելի քիչ են ջուր բաց թողնելու, Լևոն Ազիզյանը նշեց, որ նախատեսված 170 մլն խմ ջրով կբավարարվեն, իսկ անցած տարի բաց էին թողել 260 մլն խմ ջուր: