Հասարակություն 

Մեղադրանք է առաջադրվել` զինծառայողին սպանելու փորձ կատարելու համար

analitik.am
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել շարքային Ա.Ներսեսյանին:

Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի ժամանակ մարտական դիրքում՝ միևնույն հերթափոխում, որպես դիտորդներ հերթապահել են շարքայիններ Ա.Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը։ Վերջինիս՝ դիտակետում քնելու պատճառով նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել են նաև հայհոյանքներ։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքներից իրեն ստորացված զգալով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ա.Բալեյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել Ա.Բալեյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով գագաթաճակատային հատվածի, գանգոսկրի վնասումով միջանցիկ հրազենային, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք:

Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից