Հասարակություն 

Մարտի 30-ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Գագիկ Սուրենյան

analitik.am

Ակնկալվում  է տեղումնառատ  ապրիլ, մայիս և հունիս ամիսներ, որոնք դրական ազդեցություն կունենան գյուղատնտեսության վրա. այսօր հրավիրված ասուլիսին առաջիկա օրերի եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը ներկայացրեց օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:



«Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը երեք ամիսներին էլ կանխատեսվում է նորմայից բարձր»,- ասաց նա:



Ըստ նրա՝ այսօրվանից սկսած և առաջիկա օրերին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոններ են մոտենում:



«Իսկ ահա արդեն մարտի 30-ին ցիկլոնը հզորանում է և դառնում է բավականին ինտենսիվ ցիկլոն և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասում ենք ինտենսիվ հորդառատ տեղումների, որոնք լեռնային շրջաններում՝ Տավուշ, Լոռի, Սյունիք կլինեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում անձրևի տեսքով»,- նշեց նա:



Ըստ նրա՝ այդ օրը օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի ընդհանուր առմամբ 5-ից 7 աստիճանով , իսկ Տավուշում Սյունիքում, Լոռիում  15-17 աստիճանով ջերմաստիճանի անկում կլինի, որը կհասնի ցերեկային  ժամերին 0-ից +5 սահմաններում:



Գագիկ Սուրենյանը  նշեց, որ տեղումները կշարունակվեն ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին, բայց նրանց ինտենսիվությունը  30-ի համեմատած կփոքրանա: Մասնագետը նաև հավելեց, որ չնայած որ  ջերմաստիճանի նվազմանը՝ Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարություն չեն սպասում:



«Այսօրվա դրությամբ Արարատյան դաշտի ողջ տարածքում ցրտահարության ռիսկեր չունենք, բայց ինչպես ցույց է տալիս վիճակագրական վերլուծությունը՝ ցրտահարության  վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 20-ը ներառյալ: Ճիշտ է օրեցօր  դրա հավանականությունը փոքրանում է»,- ասաց նա: 



Ապրիլի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանն ըստ նրա ինչքան 30-ից ցածրացել է, այնքան էլ կբարձրանա:



Հարցին, թե ապրիլի 24-ին ինչպիսի եղանակ է սպասվում, Գագիկ Սուրենյանը նշեց, որ իրենք  հստակ թվային կանխատեսումներ մեր շրջանի համար չեն կանխատեսում: «Միայն կարող եմ ասել, որ վերջին երեք տարիներին ապրիլի 24-ին անձրև չի տեղացել»,- նշեց նա և հավելեց, որ ապրիլի 12-13-ից հետո նկատելի տաք ջերմաստիճան կլինի:

Նույն շարքից