Հասարակություն 

Անի Հովհաննիսյանին անօրինական կալանքի տակ պահելու հետ կապված առաջին բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան. Պաշտպան

analitik.am

Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են, նրա դեմ առկա չէ ապացույցների բավարար համակցություն: Մեզ հետ զրույցում, խոսելով Analitik.am-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասին, ասաց վերջինիս պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

- Պարոն Սիմոնյան, ի՞նչ հիմքով են Անի Հովհաննիսյանին 6 ամսից ավելի պահում մեղադրյալի կարգավիճակում:

- Փաստացի անօրինական հիմքերով, քանի որ ի սկզբանե Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն էին, նրա դեմ առկա չէր ապացույցների բավարար համակցություն: Մեղադրանքը հիմնված էր զուտ երևակայական ենթադրությունների վրա, դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքներից ամենախիստը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասով, ի վերջո կարճվեց, այն էլ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

- Ի՞նչ եք կարծում, այս դեպքն ինչպես կազդի լրատվական դաշտի վրա:  

-Նման երևույթը, այն էլ լրատվությամբ զբաղվող անձի նկատմամբ, կարող է բացասական ազդեցություն ունենալ  բոլոր լրագրողների և ԶԼՄ-ների համար: Սա ուղղակի խոսքի ազատության սահմանափակման միջոց է, երբ լրագրողին լռեցնելու համար նրան առաջադրում են շինծու և անհիմն մեղադրանք:

- Իսկ ինչո՞ւ են ցանկանում լռեցնել Անի Հովհաննիսյանին:

- Անի Հովհաննիսյանը մինչև իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը, իր հրապարակումներում անդրադարձել է ՀՀ-ում գործող ՎՏԲ բանկին, քանի որ վերջինիս բաժնետերերից մեկը, թեկուզև 3 տոկոս բաժնեմասով, հանդիսանում է Ադրբեջանական պետական նավթային ֆոնդը: Անի Հովհաննիսյանը նաև մի շարք հայտարարություններ է տարածել այն մասին, որ Տիգրան Ուրիխանյանը գործել է ՎՏԲ բանկի «պատվերով» կամ հորդորով: Ի դեպ, վերջերս կայքերից մեկում և ֆեյսբուքում հրապարակում եղավ այն մասին, որ ՎՏԲ բանկը 90 միլիոն դրամի վարկ է «ներել» Տիգրան Ուրիխանյանին: Հույս ունեմ այս հանգամանքը նախաքննական մարմինը քննությամբ կպարզի, որի վերաբերյալ համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել: Հետաքրքիրն էլ այն է, որ այժմ Անի Հովհաննիսյանին  մեղսագրվել  է Տ. Ուրիխանյանին և ՎՏԲ բանկի ենթադրյալ շորթման մեղադրանք:

Ասեմ նաև, որ Անի Հովհաննիսյանին առաջադրված նոր մեղադրանքը վերաբերում է ՎՏԲ բանկին, թե իբր քողարկված ցանկություն է ունեցել շորթել բանկին, այն դեպքում, երբ Հովհաննիսյանը երբևէ բանկի որևէ աշխատակցի հետ զրույց կամ քննարկում չի ունեցել: Ըստ  նախաքննական մարմնի, եթե լրատվական կայքի գովազդային գործակալը կապ է հաստատում որևէ կազմակերպության հետ գովազդ տեղադրելու համար, ապա դա քողարկված շորթում է: Նման պայմաններում մնում է միայն գուշակել, թե ինչու հենց ՎՏԲ բանկը և ոչ թե այն 10-ից ավելի բանկերն ու կազմակերպությունները, որոնց գովազդի համար զանգահարել է աշխատակիցը:

- Ըստ Ձեզ, ի՞նչ կլինի այս գործը, և որքան են դեռ Անի Հովհաննիսյանին պահելու անազատության մեջ:

- Իրավական առումով Անի Հովհաննիսյանն այժմ էլ պետք է ազատության մեջ լիներ, իսկ  նրան անօրինական կալանքի տակ պահելու հետ կապված առաջին բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան, երկրորդը կուղարկվի մոտ օրերս: Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա հույս ունեմ, որ ուշ թե շուտ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի և մենք չենք մտածի, որ լրագրողը հետապնդվում է իր մասնագիտական գործունեության համար:

Նույն շարքից