Քաղաքական 

Մեր երկրում ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայերին. Նիգերի ԱԳՆ

Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Նիգերի արտաքին գործերի, համագործակցության, աֆրիկյան ինտեգրման և արտասահմանի նիգերցիների հարցերով նախարար Իբրահիմ Յակուբայի հետ:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության շրջանակը, և այս առումով կարևորել միջազգային կառույցների ընձեռած հնարավորությունները՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալու և հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։

Նիգերի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկրում ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, և ինքը ուրախ է Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել փոխգործակցության հաստատման և զարգացման հարցերը։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:

Իբրահիմ Յակուբան ներկայացրել է Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանում Բոկո Հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ավարտին արտգործնախարարները ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

Նույն շարքից