Հասարակություն 

Գյումրիի հանրահավաքի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանի վիճակը բավարար է

Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանի վիճակը, ում փայծաղը հեռացվել է, բավարար է, սակայն նա մի քանի օր կմնա հիվանդանոցում: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարդան Ավետիսյանը:



«Դուրս գրվելու համար դեռ շուտ է, մի քանի օր դեռ կմնա, ի վերջո  օրգան են հեռացրել»,- ասաց Վարդան Ավետիսյանը: 



Հիշեցնենք, որ  Գյումրիում  «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին դանակահարվել էր  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ  Հրաչիկ Միրզոյանը:

 

Հիշեցնենք նաև, որ սոցցանցերում հայտնվել էին երիտասարդի նկարները, ում Հրաչիկ Միրզոյանը ճանաչել էր որպես իրեն դանակահարած անձի: Ի պատասխան հարցի, թե  Միրզոյանը պնդելու իր բացատրություններում, որ  հենց նա է եղել, Վարդան Ավետիսյանն ասաց. «Ինձ հայտնի չէ, նրան ձերբակալել են»:

 

 

Նշենք նաև, որ նույն հանրահավաքի ժամանակ, երբ տարբեր երիտասարդներ ձվեր էին նետում հանրահավաքի մասնակիցների վրա, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ եթե «մի ձու գա իրենց ուղղությամբ, ապա թող հիշեն, որ Շուշին ազատագրած մարդկանց գրպաններում կարող է ուրիշ բան էլ լինի»:

 

 

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղարից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ  է նշանակում այս արտահայտությունը, Վարդան Ավետիսյանն ասաց, որ չի լսել այդ նախադասությունը, ապա ավելացրեց, որ եթե ասել էլ է, ապա ասել է փոխաբերական իմաստով:

 

Նույն շարքից