Հասարակություն 

ՌԴ Պետդումայի պատգամավորները ծաղիկներ են դրել Ավետիսյանների գերեզմաններին

ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը, Պետդումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հայ պատգամավորների և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, ինչպես նաև ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ ծաղիկներ են դրել Գյումրիում հունվարի 12–ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին։



Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին վեց հոգանոց ընտանիք էր սպանվել, վիրավորված 6 ամսական տղան մահացել էր հիվանդանոցում մեկ շաբաթ հետո։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ժամկետային զինծառայող ռուս Վալերի Պերմյակովը։ Նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։



«Ոչ ոք չի մոռանա այն ամենը, ինչ կապված է հունվարի 12–ի ողբերգության հետ։ Կհիշենք և՛ մենք, և՛ մեր սերունդները, քանի որ մեր հիշողության մեջ քիչ են նման ողբերգական իրադարձությունները։ Այս միջադեպում առանձնահատուկ հետք է թողել այն, որ այս ամենը կապված է մեր ռազմակայանի հետ, որը գտնվում է Գյումրիում», – ասաց Սլուցկին։



Նրա խոսքով` ռազմակայանը միշտ կայուն աշխատում է` կատարելով իր առջև դրված խնդիրները, ինչի մասին նշվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` ռազմակայան կատարած համատեղ այցի ընթացքում։



Ռուս պատգամավորների պատվիրակությունը նաև հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Կողմերը քննարկել են Գյումրու ողբերգության քննության ընթացքը, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի, Հաղթանակի 70–ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր, միգրացիոն հարցեր։



Այնուհետև ռուս և հայ պատգամավորները ծաղիկներ են դրել «Պատվո բլուր» հուշահամալիրին և այցելել են Սուրբ Միքայել Հրեշտակապետի ռուս ուղղափառ մատուռ։

Նույն շարքից