Հասարակություն 

Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

analitik.am

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի եւ «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հաշմանդամների միջազգային օրվա մեկամսյակի շրջանակներում հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի հետ:

Ներկաները բարձրաձայնել են հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին առնչվող հիմնախնդիրները, ներկայացրել հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության պահպանման իրավունքի եւ գործնականում դրա իրացման դժվարությունները: ՀՈՒ երեխաների ծնողները նշել են, որ իրենք շատ հաճախ չեն կարողանում օգտվել անվճար բուժօգնության եւ անվճար դեղեր ստանալու իրավունքից: Այս համատեքստում կարեւորվել է ամբուլատոր հաստատություններում դիմումների եւ այցելությունների տեղեկատվական համակարգի ներդրումը, ինչը, զրուցակիցների պնդմամբ, կնպաստի պետության հաշվին տրամադրվող աջակցության թափանցիկությանը եւ կառավարելիության բարելավմանը:

Ըստ փորձագետ Արսեն Մանուկյանի՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՈՒ երեխաների ծնողների զբաղվածությունը խթանող կամ արտոնություններ սահմանող դրույթներ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված չեն: Այս համատեքստում ներկայացվել են առաջարկներ, որոնք կարող են նպաստել ՀՈՒ երեխաների ծնողների զբաղվածության ապահովմանը:

Անհրաժեշտ է համարվել նաեւ ցերեկային խնամքի կենտրոնների, ամեն համայնքում սոցիալական ծառայության բաժինների եւ ներառական նախակրթարանների բացումը:

Նշվել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը ներկայում մեր երկրում 8500 է:

Հանդիպման ավարտին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը վստահեցրել է, որ հանձնաժողովը հետեւողական կլինի եւ իր իրավասության շրջանակում կփորձի լուծումներ տալ բարձրացված հարցերին:

Նույն շարքից