Հասարակություն 

Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի. Նիկոլայ Բաղդասարյան. news.am

analitik.am

5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի։  Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Համաներման ակտի կիրառումից հետո Վարդան Պետրոսյանն անմիջապես ազատ կարձակվի։ Եթե դա էլ չլինի, ապա իր Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, երբ կիրառվի բաց ռեժիմը, Վարդան Պետրոսյանը նորից ազատության մեջ կլինի, քանի որ ինքն արդեն կրել է իր պատժի 1/3-ը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանը պատմեց, որ Վարդան Պետրոսյանն իրենց հանդիպումների ժամանակ Վերաքննիչի դատական նիստից է խոսում, պատմում է, թե ինչպես է պատրաստվում դատական նիստին, ինչ է խոսելու։

«Վարդանը մարտական է տրամադրված դատական նիստին, բայց իրեն վատ է զգում, շատ ծանր, որ իր հետ նման կերպ են վարվել. դեպքը տեղի է ունեցել բանուկ մասում, տեղափոխել են կողնակ։ Ամեն մարդ թող նման բանը իր հետ պատկերացնի, անկախ նրանից, ինքը հայտնի դերասան է, թե ուղղակի քաղաքացի»,-ասաց փաստաբանը։

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ տուժող Հակոբյանների հետ հաշտեցում հնարավոր չեղավ, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը բազմաթիվ քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ։

«Հիմա Վարդանը քայլ է անում, ասում է՝ թողեք դատն ավարտվի, ես գամ ձեզ մոտ, բայց Հակոբյանները չեն համաձայնվում, անընդհատ բողոքում են, էլ ի՞նչ անի Վարդան Պետրոսյանը»,- ասաց փաստաբանը։

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ գործն այսպիսի ավարտ ունեցավ պետական մարմինների միջամտության պատճառով։

 «Այստեղ ավելի շատ տուժեցին Հակոբյանները, նրանք էին տուժողը, եւ նրանց վիշտը շահարկվեց, օգտագործվեց»,- նշեց փաստաբանը։

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այժմ այնքան էլ լավ չէ, եւ ազատ արձակվելու դեպքում նա անպայման պետք է բուժում ստանա։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը։

Նույն շարքից