«Գազպրոմ-մեդիա» հոլդինգը կմիավորի ժամանցային հեռուստաալիքներ ТНТ, ТВ-3, «ПЯТНИЦА!» և 2×2-ը: Այս մասին ասվում է մարտի 20-ին հոլդինգի մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարությունում:
Ընկերությունը ղեկավարելու է Comedy Club-ի հիմնադիրներից Արթուր Ջանիբեկյանը: Հեռուստաընկերությունների ինտեգրացիան, ըստ «Գազպրոմ-Մեդիայի», կբարձրացնի դրանց օպերացիոն ղեկավարման արդյունավետությունը:
Արթուր Ջանիբեկյանը ՈՒՀԱ-յի «Նոր հայեր» թիմի հիմնադիր տնօրեններից մեկն է: 2003թ-ին թիմակիցների հետ միասին հիմնադրել է Comedy Club շոուն, իսկ 2007-ին ստեղծել է Comedy Club Production պրոդյուսերական ընկերությունը: Նա նաև «Ունիվեր» և «Ինտերնի» հեռուստասերիալները նկարահանած «7 ART» ընկերության հիմնադիրն է:
2008թ-ին հեռարձակվեց Ջանիբեկյանի շուրջօրյա հումորային Comedy TV հեռուստաընկերությունը: 2011-ին Ջանիբեկյանը վաճառեց Comedy Club Production-ը ТНТ հեռուստաընկերությանը, սակայն մնաց նախագծում՝ որպես գլխավոր տնօրեն:
«Գազպրոմ-մեդիան» ռուսական խոշորագույն մեդիահոլդինգ է, որը ստեղծվել է 1998թ-ին: Այն իր մեջ ներառում է НТВ, ТНТ և «Пятница» ՀԸ-ները, «Эхо Москвы», «Авторадио», «Сити-FM» ռադիոալիքները, «Семь дней» հրատարակչությունը, Rutube համացանցային պորտալը, ինչպես նաև կինոարտադրությամբ զբաղվող ընկերություններ:
Ուրախալի է տեսնել Սփյուռքում իրականում արժանավոր հայերի առաջընթացը, քանզի Հայաստանի բարեկեցությունը կախված է ոչ միայն ՀՀ տարածքում ապրող և արարող հայ ազգի ներկայացուցիչներից, այլ մեծամասամբ նաև հայկական Սփյուռքից, և ողջունելի է, երբ բարձունքի են հասնում տաղանդավոր և խելացի մարդիկ, ում հայ լինելու փաստից ոչ թե ամաչում ենք, այլ հպարտանում: