Դեկտեմբերի 6-ին կատարելիք այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը մտադիր է Ռուսաստանում քննարկել երկու երկրների միջև առևտուրը ռուսական ռուբլիով և թուրքական լիրայով անելու հարցը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հարկ է նշել, որ վերջին ամսվա ընթացքում թուրքական փողը դոլարի նկատմամբ էժանացել է 11 տոկոսով: Իսկ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե կան ուժեր, որոնք ցանկանում են տնտեսական լծակներ օգտագործել Անկարային ճնշելու համար:
«Մեր վարչապեն մեկնում է Ռուսաստան, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու: Առաջիկայում մենք միջոցներ կձեռնարկենք, որպեսզի Ռուսաստանի հետ առևտուրը տեղի ունենա ռուբլիով և լիրայով»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկրի Կենտրոնական բանկին արդեն համապատասխան հանձնարարականը տրված է՝ հավելելով, որ նման միջոցներ կձեռնարկվեն նաև Չինաստանի և Իրանի հետ առևտրի մասով:
Էրդողանը նաև կրկին կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին դոլարը փոխել լիրայի և ոսկու հետ, ինչը կկայունացնի թուրքական փողը: