«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռևս անորոշ վիճակում է: Թեև ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, և յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ: ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետևանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»: Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որևէ հայ, որը դիմում կգրի և կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միևնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է»: