Քաղաքական 

Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու հանգամանքի վրա

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել կազմակերպության գործունեության, Համբուրգի նախարարական խորհրդի օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է  հրավիրել առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։

Նույն շարքից