Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա տրամադրելու հարցում գոյություն ունեցող սահմանափակումները Վաշինգտոնի կողմից վերացնելը կարող է վտանգել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհում իրավիճակը: Նման կարծիք հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օբաման վերացրել է սահմանափակումները, որոնք կան Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին զենք տրամադրելու հարցում: Սակայն պետքարտուղարությունը և ԱՄՆ ՊՆ-ն դեռ չեն կարող օգտվել այդ որոշումից, քանի որ դրա համար պետք է ստանան Կոնգրեսի համաձայնությունը:
«Այս որոշման վատագույն ելքը կարող է լինել այն, որ ուղարկվող զենքը կհայտնվի ահաբեկիչների ձեռքում: Այսպիսով ահաբեկիչները կարող են ունենալ տարբեր զենքեր, այդ թվում նաև զենիթահրթիռային համակարգեր: Իսկ դա հակասում է միջազգային կոնվենցիաներին»,-հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ վերոնշյալ համակարգերը վտանգավոր են աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի համար: