Քաղաքական 

Նալբանդյանը Իսպանիայի արտգործնախարարին հրավիրել է Հայաստան

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:

Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Ալֆոնսո Դաստիսին` Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ։

Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, իրավապայմանագրային դաշտի ընլայնումը։

Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքին, շեշտվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

Իսպանացի գործընկերոջ խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով՝ Էդվարդ Նալբանդյանը Իսպանիայի արտգործնախարարին հրավիրել է այցելել Հայաստան:

Նույն շարքից