Հասարակություն 

Հանձնարարվել է տոն օրերին սահմանել հստակ ժամանակացույցով հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով առաջիկա օրերի համար կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների և համատիրությունների աշխատակիցներին։

«Շաբաթ երեկոյան տեղացած ձյան մաքրման աշխատանքների ընթացքին տեղերում հետևել եմ նաև անձամբ և պետք է նշեմ, որ բավականին օպերատիվ և արդյունավետ էին իրականացվում դրանք: Բայց նաև պետք է նկատենք, որ տեղումներն այնքան էլ առատ չէին ու, ըստ այդմ, կհորդորեմ նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան: Հանրության շրջանում թյուր կարծիք կա ձևավորված, որ ձյան տեղումները միշտ անակնկալի են բերում Երևանի քաղաքապետարանին, ինչը հավանաբար մեր որոշ պատասխանատուների անպատասխանատու հայտարարությունների հետևանք է: Հիդրոմետ ծառայությունը նախապես տեղեկացնում է եղանակային փոփոխությունների և սպասվող տեղումների մասին, ինչն արդեն իսկ նշանակում է, որ ձյունը անակնկալ չի գալիս: Ընդամենը պետք է օպերատիվ և արդյունավետ կազմակերպել համապատասխան աշխատանքներն ու չփորձել սեփական անգործությունը կամ թերի աշխատանքը քողարկելու համար ինչ-որ անիմաստ արդարացումներ փնտրել», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամանորյա տոնական ոչ աշխատանքային օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, բնակչության կողմից հնարավոր ահազանգերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետը աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 հացների վարչական շենքերում կոնկրետ պատասխանատուներով շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ ներկայացնել հստակ ժամանակացույց: Նույն հանձնարարականը տրվել է նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին:

Նույն շարքից