Դեկտեմբերի 14-ին Բեռլինի Լանգենբեք-Վիրխովի անվան պատմական սրահում տեղի է ունեցել գերմանացի անվանի ռեժիսոր, հրապարակախոս Էրիկ Ֆրիդլերին ՀՀ Նախագահի պետական պարգևով` «Բարեկամության» շքանշանով, պարգևատրելու արարողությունը, որը վերջինիս հանձնել է Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերմանական հայտնի հեռուստաընկերությունների և մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի տարբեր կառույցների գործիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծել է Էրիկ Ֆրիդլերի մեծ ավանդն ու դերակատարությունը հայ-գերմանական դարավոր բարեկամության ամրապնդման գործում։
Ելույթով հանդես է եկել նաև Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:
Միջոցառման ընթացքում ներկաներն ունկնդրել են Բախի, Սոլլիմայի, Կոմիտասի ստեղծագործությունները՝ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ: