Գլխավոր Հասարակություն 

Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության

Նախագահ պ-ոն՝ Ս.Սարգսյանին

Անալիտիկ կայքի գլխավոր

խմբագիր   ՀՀ ԱՆ «Աբովյան»

ՔԿՀ     ում  կալանքի  ապօրինի

պահվող, Անի Հովհաննիսյանից

 

 

Հարգելի պարոն Նախագահ, Ես արդեն 7 ամսից ավելի է ենթարկվում եմ ապօրինի քրեական հետապնդման:

Ամեն ինչ սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի տված սուտ հաղորդումից, որից հետո ինձ նաև մեղադրեցին , թե իբր ցանկացել եմ շորթել նաև Կարեն Բաբակեխյանին:

Ճիշտ է, այնուհետև Կարեն Բաբակեխյանի մասով գտան, որ ես անմեղ եմ, իմ գործողություններում հանցակազմ չկա և այդ մասով կարճեցին գործը: Դա բնական էր, քանի որ ես որևէ մեկին շորթելու ոչ ցանկություն եմ ունեցել, ոչ էլ կարիք: Փաստացի այդ մեղադրանքն ինձ առաջադրված էր կալանքի տակ պահելու և մեկ այլ արհեստական գործով քողարկված «ապացույցներ» պեղելու համար:

Այնուհետև ինձ մեղադրանք առաջադրվեց, թե իբր ես քողարկված ցանկություն եմ ունեցել շորթել ՎՏԲ բանկին: Եվ սա այն դեպքում, երբ ես իմ կալանավորման առաջին իսկ օրվանից, թե իմ ցուցմունքներում, թե հայտարարություններում նշել եմ, որ Տ.Ուրիխանյանը շորթման վերաբերյալ սուտ մատնությունն իմ հանդեպ իրականացրել է ՎՏԲ բանկի պատվերով կամ հորդորով:

Վերջերս պարզվեց, որ ՎՏԲ բանկը Տիգրան Ուրիխանյանին «նվիրել է» 90 միլիոն դրամ՝ զիջելով վարկը: Այս փաստն անուշադրության մատնվեց և կասկած չհարուցեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության մոտ, չնայած այն հանգամանքին, որ պաշտպանը ներկայացրել էր համապատասխան միջնորդություն, իսկ այդ կառույցը կոչված է օբյեկտիվ քննություն կատարելու և ոչ թե «մարդկանց վրա անհիմն մեղադրանքներ» բարդելու համար:

Հարգելի պարոն Սարգսյան, ցասնկանում եմ հայտնել Ձեզ անօրինականության մասին: Նախ ՀՀ քրեական  օրենսգրքում չկա մի հոդված, որի համաձայն մարդուն կարելի է մեղադրել քողարկված ցանկություն ունենալու համար: Ամենայն հավանականությամբ հատուկ քննչական ծառայությունում Ջորջ Օրուելի «1984» գրքի տպավորություններով են, սակայն պետք է  ի նկատի ունենալ, որ դա ֆանտաստիկայի ժանրի գրականություն է մի կողմից, իսկ մյուս կողմից էլ կարող էր իրականություն լինել ստալինյան դարաշրջանում և ոչ թե 21-րդ դարում ժողովրդական, իրավական պետության համար:

Ինձ առաջադրվել է անշունչ առարկային՝ «ՎՏԲ բանկ»-ին շորթելու քողարկված ցանկություն ունենալու մեղադրանք, այն էլ այն դեպքում, երբ այդ բանկի որևէ աշխատակցի հետ որևէ բառ չեմ փոխանակել: Չկա որևէ տրամաբանական պատճառ, թե ինչպես կարող է ՀՀ շնչավոր քաղաքացին ՌԴ կառավարությանը և ադրբեջանական պետական նաֆթային ֆոնդին պատկանող անշունչ  առարկային շորթելու քողարկված ցանկություն ունենալու համար հայտնվի բանտում:

Հարգելի պարոն Սարգսյան, միթե ես այս պայմաններում իրավունք չունեմ ենթադրելու, որ ադրբեջանի բաժնեմասով կազմակերպությանը օբյեկտիվ քննադատելու համար որոշ պետական կառույցներ կարող են գոյություն չունեցող քրեորեն պատժելի արարքներ վերագրել ԶԼՄ-ին և պատժելու համար բանտ ուղարկել վերջինիս սեփականատիրոջը:

Հարգելի պարոն Նախագահ, հուսով եմ՝ Դուք կծանոթանաք այս աբսուրդային գործին և թույլ չեք տա, որ մեր պետության ներսում նման հակապետական և ակնհայտ անօրինական գործողություններ տեղի ունենան ԶԼՄ-ին լռեցնելու համար: Ի դեպ, այն ԶԼՄ-ին, որը պայքարում է ադրբեջանական կապիտալը ՎՏԲ բանկից դուրս հանելու համար:

Ես դիմում եմ Ձեզ, քանզի Դուք եք ՀՀ անվտանգության գլխավոր պատասխանատուն և ՀՀ քաղաքացիների առաջնորդը:

Հարգելի պարոն Նախագահ, խնդրում եմ անձամբ Ձեր միջամտությունը իմ անձի հանդեպ իրականացվող  անօրինական քրեական հետապնդումը դադարացնելու համար, քանզի չեմ զարմանա, եթե ՀՔԾ երևակայությունը այնքան զարգանա, որ ինձ մեղադրեն նաև Հ.Ալիևին շորթելու քողարկված ցանկություն ունենալու մեջ:

Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր,

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում ապօրինի

կալանքի      պահվող,  Ա.Հովհաննիսյան

 

Նույն շարքից