«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել, և ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:
Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասում են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակից իրենց գումար են խոստացել:
«Զանգին ինձ, ասեցին՝ Ձեզ համար անակնկալ ունենք, տիկին Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, Դուք անպայման պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորեցի, ասի՝ մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս՝ կոպիտ դուրս էրեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե: Իրանց մարդ էր պետք, մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ էլա գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասում է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան:
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ, անակնկալ խոստումների մասին շատերն են լսել: Անակնկալ եղել է, բայց ոչ սոցիալապես անապահով գյումրեցիների սպասածը:
«Թոռիս ընկերոջ քեռին «Բարգավաճը» կաշխատի: Եկավ, մեզի գրանցեց, որ Գագիկ Ծառուկյանի փողերից մեզ էլ տան, բայց իմացանք, որ փողերը պրծել է»,- պատմեց 221/060 տնակի բնակչուհի Վարդուհի Աթոյանը:
Գյումրեցիների մի մասը հույսը կտրել, որոշներն էլ իրենց գումարի հետևից հասել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում