Հայերը պետք է կարողանան ճիշտ օգտագործել իր առավելությունները՝ աշխարհում դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում Դիլիջանի միջազգային դպրոցում հյուրընկալված քննարկումների ժամանակ ասաց RVVZ հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Ռուբեն Վարդանյանը։
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ հայերն առնվազն երկու այդպիսի առավելություն և եզակիություն ունեն՝ ամուր կապը հայրենիքի հետ և հեշտ ինտեգրվելու կարողությունը։
«Ես շատ երկրներում եմ ճամփորդել և տեսել եմ, որ տարբեր ազգերի մարդիկ զարմանում են, թե որքան ամուր է սփյուռքահայերի կապը Հայաստանի հետ, նույնիսկ այն սփյուռքահայերի, որոնք Հայաստանում չեն ծնվել և Հայաստանում երբեք չեն եղել։ Կարծում եմ՝ սա է մեր ազգի ամենաուժեղ կողմերից մեկը։ Հարցն այն է, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ առավելությունը այնպես, որ դրանից շահեն և Հայաստանը, և Սփյուռքը՝ հաշվի առնելով այն, որ աշխարհասփյուռ հայերը տարբեր են, քանի որ մեծացել են տարբեր մշակույթներում»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Հայերի մյուս առավելությունը, ըստ Ռուբեն Վարդանյանի, տարբեր ազգերի հետ ինտեգրվելու և հաղորդակցվելու ունակությունն է։
«Ես միշտ կատակում եմ, որ հայերն առաջինն են, որ դեռ «Ֆեյսբուքից» առաջ կարողացել են առանց բարձր տեխնոլոգիաների սոցիալական ցանց ստեղծել»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։