Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ` դեկտեմբերի 19-ից լուսավորվել են նաև վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդերն ու շատրվանները:
Գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել նաև վարչական շրջանների այգիներն ու պուրակները:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ ձևավորման աշխատանքներ են իրականացվել քաղաքի 45 փողոցում, տոնական լուսաշղթաներով ձևավորվել է 1400 ծառ, 33 կամար, մի շարք կամուրջներ, տեղադրվել են լուսադիոդային շատրվաններ և տոնական զարդարանքներ:
Այս տարվա նորամուծություն-նվերը երևանցիներին Ազատության հրապարակում տեղակայված «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրն է:
Առաջին անգամ անցկացվող այս ծրագրի շրջանակում Ազատության հրապարակը վերածվել է հեքիաթային քաղաքի. այցելուները կտեսնեն սառցե քանդակներ, Ձմեռ պապի տնակը, դղյակներ։ Մայրաքաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև 2017թ. հունվարի 13-ը ներառյալ:
Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը հիմնական 3 անվանակարգերում հայտարարել է «Ամանորի լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ iYerevan.am կայքում, հետևյալ հղումով. http://www.iyerevan.am/am/discussion/amanorya-dzewavorman-mrts-owyt/:
«Ամանորի լավագույն ձևավորում» մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թ. հունվարին:
«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրին ծանոթանալու համար կարող եք այցելել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք` https://www.yerevan.am/am/yerevan-new-year-and-christmas-events-program-2017/: